Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգել է կես տարով մորատորիում հայտարարել տնտեսավարող սուբյեկտների տեսչական ստուգումների վրա՝ կես տարի հարկային կամ այլ տեսչական մարմիններն առանց հատուկ պատճառների չեն այցելի բիզնեսներին: Սա անսպասելի որոշում է: Վերջին տարիներին բյուջետային հավաքագրումների փիլիսոփայությունը վարչարարության ուժեղացմամբ բիզնեսից ոչ միայն հարկեր գանձելը, այլև տուգանքներ ու այդ տուգանքների տույժերը պոկելն էր: Տուգանքների ծավալներն արդեն հավասարվում են հարկերի ծավալներին: Դրանով են տնտեսագետները բացատրում հայկական առեղծվածը՝ հարկահավաքության աճ տնտեսական աճի նվազման պայմաններում: Ստուգումների մորատորիումը կարող է բացասական ազդեցություն ունենալ բյուջետային հավաքագրումների վրա, սակայն կարող է դրական ազդել բիզնես միջավայրի վրա՝ թույլ տալով շատ ձեռնարկատերերի գոնե կես տարով ազատ շնչել: Եթե իհարկե, այդ մորատորիումը մտցվել է ձեռնարկատերերին օգնելու նպատակով, այլ ոչ թե բյուջեն հավաքագրող մարմիններին հարվածելու համար: